


Արմինֆո.Դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․ 14 անշարժ գույք; 6 տրանսպորտային միջոց; 2 իրավաբանական անձանցում մասնակցություն; բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ; 5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք; 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ; 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել», - ասվում է հաղորդագրությունում։



