
Արմինֆո. Այսօր ՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-րդ տարեդարձը:
Նշենք, որ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել "Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև ԼՂԻՄ - ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմին հանձնելու միջնորդության մասին":
Այդ առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Ինչպես նշել է Աշոտյանը, Արցախն օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։
«Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։
Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։
Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։
Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։
Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։
Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։
Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։
Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։
Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել, այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։
Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։
«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկ չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։
Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։
Իսկ հաջողության բանաձեւը, որ պիտի կանգուն պահի մեզ, պարզ է. «Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ։ Նիկոլին իշխանազրկողը ես եմ», - գրել է Աշոտյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափման։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։