


Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիեի միջնորդությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը կողմերին թույլ է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումները: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բռնության վերջին բռնկումը ղարաբաղյան հակամարտության գոտում և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի առկայության առնչությամբ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում, ինչը հետևանք է ծանր սպառազինության կիրառման: Սարգսյանն ու Ալիևը պաշտպանել են հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում միջադեպերի նվազեցման, ինչպես նաեւ դրանց հետաքննության մեխանիզմեր ստեղծելու վերաբերյալ միջնորդների ընթացիկ առաջարկությունները: Նախագահները հաստատել են առկա առաջարկությունների հիման վրա հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները նաև հավատարմություն են հայտնել հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում», - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ համանախագահները նախկինի պես պատարստ են աշխատել կողմերի հետ որպես միջնորդներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար:



