
Արմինֆո. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը՝ գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանի գլխավորությամբ դատապարտել է Արցախի նախկին պետնախարար, բաարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի խամաճիկային դատարանի անարդար դատավճիռը՝ 20 տարի ազատազրկման տեսքով։
ԱրմԻնֆո-ին տրամադրված «Ավրորա»-ի հայտարարությունում ասվում է․ «Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։
Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։ Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության եւ սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը եւ մարդկային արժանապատվության խթանմանը:
2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:
Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլեւ անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրա կնոջը, երեխաներին եւ թոռանը, որոնք նույնիսկ այսպիսի ծանր պահին շարունակում են ցուցաբերել աննկարագրելի ուժ։
Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն եւ մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների եւ անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության եւ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից։ «Ավրորան» հիմնադրվել է՝ լույս սփռելու խիզախության եւ մարդասիրական արարքների վրա, որոնք դրսեւորվում են նույնիսկ ամենադժվարին պահերին։ Ռուբեն, քո ստեղծած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, եւ մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում»։
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի։
Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների ՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։ Մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Փետրվարի 17-ին ադրբեջանական խամաճիկային դատարանը Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Իսկ փետրվարի 5-ին համանման շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման են դատապարտվել Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, իսկ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՝ 20 տարվա ազատազրկման: Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։