


Արմինֆո. Ընտրական գործընթացներին հիբրիդային միջամտությունը դադարել է տեսական սպառնալիք լինելուց, այն դարձել է գործնական գործիքակազմ, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խարխլելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում։
Նրա ասելով ՝խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բեւեռացման խթանման եւ արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է: Այս մեխանիզմները, հատկապես, ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: «Հայաստանում եւս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երեւույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները եւ դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձեւավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը եւ ազդել հանրային տրամադրությունների վրա: Սա միայն Հայաստանի խնդիրը չէ: Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է: Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի: Անհրաժեշտ է ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը, բացահայտել եւ կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը, ապահովել ֆինանսական եւ քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը, խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ: Վստահ եմ, որ համագործակցության եւ համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը:



