
Արմինֆո. Խաղաղությունը խորհրդանշական փաստաթուղթ չէ, այն տարածաշրջանային տրամաբանության փոխակերպում է և ռազմավարական ընտրություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում։
Նրա ասելով՝ վերջին երկու ամիսների ընթացքում միջազգային հարաբերությունները ստացել են նոր գաղափարական ձեւավորում: «Դավոսում եւ Մյունխենի անվտանգության համաժողովում հնչած ելույթներն ու քննարկումները ազդարարեցին նոր պարադիգմայի ձեւավորումը՝ անորոշությամբ եւ առճակատմամբ բնութագրվող:
Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը գործել է հենց այս առճակատման պարադիգմայի շրջանակում: Այսօր, սակայն, մեր տարածաշրջանը դարձել է այլ ուղի ընտրելու հազվագյուտ օրինակ՝ խաղաղության եւ համագործակցության կառուցման ուղին: Այս ճանապարհը հեշտ չի եղել: Այն պահանջել է քաղաքական կամք, պատասխանատվություն եւ խիզախություն:
Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ եւ անձնական ներգրավվածությամբ, ստորագրեցին խաղաղության հռչակագիր, որը փակեց թշնամանքի երկարատեւ մի էջ:
Անցած վեց ամիսներն աննախադեպ են եղել այն շոշափելի առաջընթացի առումով, որը Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են արձանագրել:
Հարգելի գործընկերներ, եթե մեկ տարի առաջ, լսելով հայկական եւ ադրբեջանական կողմերի հայտարարությունները, որեւէ մեկը առաջարկեր, որ մեկ տարվա ընթացքում մենք կքննարկենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, փոխադարձ առեւտրի ընդլայնումը, տնտեսական համագործակցության զարգացումը եւ պաշտոնական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, շատերը դա կդիտարկեին անիրատեսական:
Սակայն այսօր դրանք այլեւս պարզապես ձգտումներ չեն. դրանք ընթացիկ գործընթացներ են:
Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է հիմնված լինի համապարփակ անվտանգության վրա՝ լիովին համահունչ ԵԱՀԿ սկզբունքներին: Խաղաղությունը չի կարող սահմանափակվել միայն ուժի չկիրառմամբ: Այն պետք է ապահովի նաեւ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, ինչպես նաեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատվության եւ անվտանգության հարգումը:
Վարչապետ Փաշինյանը բացահայտորեն խոսել է բարդ իրողությունների մասին եւ մեր հասարակությանը փոխանցել, որ խաղաղությունը պահանջում է խիզախություն: Այն պահանջում է քաղաքացիներին պատրաստել ոչ թե նոր էսկալացիայի, այլ համակեցության: Սա միշտ չէ, որ հեշտ ուղերձ է: Սակայն առաջնորդությունը պահանջում է պատասխանատվություն: Ավելի հեշտ է պահպանել թշնամանքը: Ավելի դժվար է ընտրել փոխզիջումը: Ավելի հեշտ է խոսել զգացմունքների լեզվով: Ավելի դժվար է խոսել երկարաժամկետ պատասխանատվության մասին:Իսկական ուժը դրսեւորվում է ոչ թե հակամարտությունը երկարաձգելու, այլ այն ավարտելու կարողությամբ:Մեր ընկալմամբ խաղաղությունը խորհրդանշական փաստաթուղթ չէ: Այն տարածաշրջանային տրամաբանության փոխակերպում է: Այն ռազմավարական ընտրություն է»,- Լիլիթ Մինասյանը: