
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա սոսկ կոնֆլիկտ չեն Եկեղեցու և երկրի իշխանությունների միջև, այլ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներից մեկի կատարումն են, որն ուղղված է երկիրը վերջնականապես քաղաքական սուբյեկտայնությունից զրկելուն: Այդ մասին հայտարարել է Միջազգային քրիստոնեական կազմակերպության (CSI) նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ներկայումս Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներին: Նա հիշեցրել է, որ նույն գործընթացի շրջանակներում հնչում են Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ, տեղի է ունենում երկրի ինստիտուտների գործունեության խաթարում, ինչը հանգեցնում է հայ ժողովրդի վերադարձին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին համանման վիճակի:
"Ընդ որում, Հայաստանի գործող իշխանությունների կողմից կիրառվող մեթոդները, ներառյալ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հետապնդումը, ըստ էության կրկնում են բոլշևիկյան գործելաոճը։ Չէ որ դրանք հենց այն մեթոդներն են, որոնք օգտագործվել են դեռևս 1920 թվականին բոլշևիկների կողմից", - կարծում է CSI նախագահը։
Ինչպես պարզաբանել է Էյբները, այն ժամանակ բոլշևիկները սկսել էին և ֆինանսավորել էին, այսպես կոչված, "ազատ եկեղեցու" շարժումը, այնուհետև ավելի հեռուն էին գնացել՝ դիմելով եկեղեցուն նվիրված մարդկանց սպանությունների: CSI նախագահի խոսքով ՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում նման բան, միայն՝ արդեն Բաքվի և Անկարայի պահանջով։
"Ցեղասպանությունն իրագործվել է նույն պատճառով։ Դա նույնպես կապված էր Թուրքիայի խուճապի հետ, որը վախենում էր, որ հայերը կարող են զարգացնել իրենց քաղաքական սուբյեկտայնությունը, ուստի, նրանց անհրաժեշտ էր կանխել դա", - պարզաբանել է CSI ղեկավարը։
Ընդ որում, նա փաստել է, որ տվյալ իրավիճակում չպետք է ակնկալել երրորդ երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի աջակցությունը, ուշադրություն դարձնելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երեւան կատարած իր այցի ժամանակ չի այցելել Մայր Աթոռ, եւ հանդիպում չի ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որը երկրի համար կարեւոր դեմք է: Նրա ասելով՝ նման քայլերը ցույց են տալիս ԱՄՆ-ի հստակ ուղերձները։
Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, թե ինչպես էր ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշն իրեն ներկայացնում որպես ավետարանական քրիստոնյա, իսկ ԱՄՆ-ում հայտարարում էին, որ իրենք "ժողովրդավարություն են բերում Սիրիա և պաշտպանում մարդու իրավունքները": "Բայց ես բազմիցս եղել եմ Սիրիայում, հանդիպել եմ, նույնիսկ, Հալեպի հայ համայնքի հետ, և մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետք է դիտարկել հենց այդ համատեքստում", - նշել է CSI նախագահը։
Ընդ որում, նա կարծում է, որ հայերն՝ իրենք, պետք է հասկանան, թե ինչ պետք է անեն ստեղծված իրավիճակում, հավելելով, որ այդ խնդիրը պարզ լուծում չունի։ Ընդ որում, Էյբները հավելել է, որ ինքը կխրախուսի հայերին մնալ քրիստոնեական հավատքի կողքին։
"Չէ որ դա հենց այն է, ինչն օգնել է Հայաստանին դարեր շարունակ հաղթահարել հետապնդումները, որոնք շատ ավելի վատն էին, քան այն, որ մենք տեսնում ենք այսօր։ Եթե հավատը չեզոքացվի, հայ ժողովուրդը կվերանա։ Այստեղ այլ բան չի օգնի։ Մնացեք ձեր հավատքի կողքին", - ամփոփել է CSI նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ ժամկետով: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները ։ Այսօրվա դրությամբ մտացածին մեղադրանքներով 4 բարձրաստիճան հոգևորականներ այդ հակաեկեղեցական արշավի շրջանակներում գտնվում են բանտերում: Ավելին, Հայաստանի վարչապետը 10 հերձվածող եպիսկոպոսների հետ շրջանակային փաստաթուղթ է ստորագրել Հայոց եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման վերաբերյալ։
Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Միաժամանակ ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) "բացառիկ առաքելությունը" ազգային ինքնության պահպանման գործում ։