


Արմինֆո. 22 տարի է անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից: Ադրբեջանցի զինվորականը կացնահարել է քնած հայ սպային։ Հանցագործն այդպես էլ արժանի պատիժ չի կրել կատարված դաժան արարքի համար։ Ավելին, նա Ադրբեջանի ազգային հերոս է հռչակվել հայի սպանության համար։
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացների մասնակցելու համար Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին ներխուժել էր քնած Մարգարյանի սենյակ և սպանել նրան։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարին առանց ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել էր հայրենիք: Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել նրան ներում շնորհելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարդասպանին վճարել էր աշխատավարձ, որը կուտակվել էր անազատության ողջ ժամանակահատվածում (ավելի քան ութ տարի), նրան բնակարան էր տրամադրել, ինչպես նաև՝ մայորի կոչում շնորհել: Սաֆարովի արտահանձնման առնչությամբ Հայաստանը նույն օրը կասեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:
Սակայն 2022 թվականին հայկական կողմը Հունգարիային առաջարկել է շրջել այդ էջը երկկողմ հարաբերություններում, վերսկսել դիվանագիտական շփումները ։



