


Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցերին" առնչվող հարցն ակնհայտ քաղաքական բնույթ է կրում։ Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա ասելով՝ ակնհայտ է, որ ընկերության սեփականատերերի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում՝ մեկ մարդու քմահաճույքով։ Ղազինյանը նշել է, որ նոր փաստերը խոսում են այն մասին, որ ՀԷՑ-ը վերցվել է ուժային մեթոդներով, իսկ բուն գործընթացը քաղաքականացվել է: "Մարդկանց փոքր խմբի շատ ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, տեսանյութեր էին տեղադրում, որոնք վերաբերում էին ընկերության ներգրաված վարկերին և դրանց տոկոսադրույքներին։ Մի քանի անգամ դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ պահանջելով ներկայացնել ճշմարտությունը: Մեր բազմաթիվ պահանջներից հետո վերջինս վերջապես ընդունեց, որ ներգրավված վարկերի տոկոսադրույքների վճարումները կատարել է ընկերության սեփականատեր, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Այսինքն՝ ներգրավված վարկերը սակագնի հետ որևէ առնչություն չեն ունեցել", - ասել է Ղազինյանը։
Նա հավելել է, որ ներկայիս իշխանության պահպանման դեպքում՝ այս տարի խորհրդարանական ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա: Նախկին գլխավոր տնօրենն ընդգծել է, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մինչեւ ընտրությունները սակագինը չբարձրացվի, հայտարարելով, որ այդ խնդրի լուծմանը ուղղել են 13 մլրդ դրամ, որի ծագումը հանելուկ է մնում:



