2015 թ. Ազգային անվտանգության մարմինների գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գծով արդյունքներն ակնառու են: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը` դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում:
ՙԱյս ուղղությամբ իրականացված աշխատանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն էր: Դա տեղի ունեցավ շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լարված աշխատանքի, իսկ հիմնական մշակումը վարել են Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացահայտման և ոստիկանության հետ համագործակցությամբ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով իրականացված հատուկ միջոցառման արդյունքում կանխվեցին հիրավի հրեշավոր վտանգներ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե հանցախմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետևանքներ կարող էին առաջանալ: Քաջ գիտակցելով, որ հանցախմբի անդամները մինչև ատամները զինված են` միջոցառման մասնակիցները գործեցին սեփական կյանքը վտանգելով, մի պահ անգամ չվարանելով ու չընկրկելով սպառնալիքի առաջ, և բարձր պատրաստվածության շնորհիվ խուսափելով նույնիսկ չնչին մարմնական վնասվածք հասցնելուց և ստանալուց:
Եվ հիմա այստեղ, իմ ծառայակից ընկերների ներկայությամբ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Ալֆա>> հատուկ ստորաբաժանման հրամանատարությանն ու մարտիկներին, ովքեր մասնակցություն են ունեցել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը:
Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչև հիմա ահաբեկչական բնույթի որևէ գործողություն, որին մենք ականատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության և իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել: Բայց դա ամենեևին չի նշանակում, թե այդպիսի փորձեր չեն ձեռնարկվել: Նշեմ միայն, որ մեր կողմից հավաստի տեղեկություններ են ստացվել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցած օտարերկրյա մի շարք քաղաքացիների մասին, որոնց մուտքը Հայաստան ժամանակին փակվել է՚,- ասել է ԱԱԾ տնօրենը: