
Արմինֆո. "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արձագանքել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի "դատարանի" կայացրած դատավճռին:
«Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։
Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։
Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։
Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։
Պայքար՝ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձի համար։
Պայքար՝ արժանապատվության, արդարության և ազգային ինքնության համար։
Ռուբե՛ն, սպասում ենք վերադարձիդ։
Գիտեմ՝ ճաղավանդակները չեն չափում ազատությունդ։ Գիտեմ՝ ոգով ավելի ազատ ես, քան Քո «դատավորները» երբևէ կլինեն։ Եվ ես խոստանում եմ՝ լռություն չի լինելու։ Հաշտություն չի լինելու անարդարության հետ։ Պայքարելու ենք այնքան, մինչև Քո և մեր բոլոր գերիների տուն վերադարձը դառնա կայացած իրողություն», - գրել է Թանդիլյանը՝ Facebook-ի իր էջում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։