


Արմինֆո. Ադրբեջանի խամաճիկային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին: 2023թ. սեպտեմբերի վերջին Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Վարդանյանը մեղադրվում է "խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև այլ ծանր հանցագործությունների համար":
Արդարադատության և իր իրավունքների արժանապատիվ պաշտպանության որևէ հնարավորությունից զրկված Վարդանյանը մեղքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ Վարդանյանն ու Արցախի նախկին ու գործող ևս 7 պաշտոնյաներ 2023 թվականի սեպտեմբերի վերջից գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ։ Միջազգային հանրությունն անտեսում է Արցախի պաշտոնյաների՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



