
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ և շարժական գույք, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությւոնը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, Վահե Հակոբյանի դստրերից և ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․ 9 անշարժ գույք; 3 տրանսպորտային միջոց; 1 իրավաբանական անձանցում մասնակցություն; 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով; 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով; 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով; 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ; 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել», - ասվում է հաղորդագրությունում։
2025 թվականի նոյեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ, ով նախկինում գլխավորում էր «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, հետախուզում է հայտարարվել ։ "ՀՀ քրեական օրենսգրքի 277 - րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը մասնավոր հատվածում չարաշահելը, որն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառել) և 296-րդ հոդվածի 3-րդ կետով (փողերի լվացում ՝ առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում", - ասվում էր գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ, Հակոբյանի եղբայրը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Համբարյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն ԶՊՄԿ - ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: