
2015 թվականը, ինչպես բոլոր նախորդ տարիները, հագեցած էր զանազան իրադարձություններով, սակայն ազգային անվտանգության մարմինների համար այն առանձնահատուկ աշխատանքային տարի էր, հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը` դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում:
«1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում», - հայտարարել է ԱԱԾ տնօրենը:
Ինչպես նշել է Գ.Հակոբյանը, հակառակորդի դեմ տարվող հակահետախուզական աշխատանքի գերակշիռ ծավալն այսօր կազմում են կանխարգելիչ միջոցառումները: «Վերջին տարիներին պատրաստվել և զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվել են ազգային անվտանգության մարմինների գործունեությունը լուսաբանող տասնյակից ավելի փաստավավերագրական ֆիլմեր, հրապարակվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական նկրտումները և գործելաոճը բացահայտող բազմաթիվ հայտարարություններ, որոնք էականորեն նպաստել են նաև մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի և զգոնության բարձրացմանը», - նշել է նա:
ԱԱԾ տնօրենի հավաստմամբ, համացանցում իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտվել և կալանավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի երկու քաղաքացիներ:
«Հետախուզության աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում հայ համայնքի անվտանգության ապահովմանը հնարավորինս օժանդակելը: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի զարգացումներն այսօր անհնար է շրջանցել: Չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղթը, ինչպես նաև փախստականների չդադարող հոսքերը, մասնավորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի և Իրաքի համար պատուհաս դարձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետություն» կոչեցյալ չարիքը շարունակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաև Հյուսիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաև մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, գործընկեր-պետությունների անվտանգության մարմինների հետ համագործակցությունը զարգացնելով, համատեղ ջանքերով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները», - հայտարարել է ԱԱԾ տնօրենը: