
Արմինֆո. Ինչպես եւ նախկինում, Ռուսաստանում ելնում են այն բանից, որ Երեւանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Միխայիլ Գալուզինը։
"Մեր հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է պատկառելի իրավապայմանագրային բազայում։ Մենք միշտ հանդես ենք եկել ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետության օգտին։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունն այլընտրանք չունի։ Մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը: Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքը ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակներում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են", - ասել է ռուս դիվանագետը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
Նա հավելել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի հետ կապերի եւ համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու մտադրության մասին։ Գալուզինը նշել է, որ բառացիորեն օրերս այդ մասին հրապարակավ խոսել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 5-6-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում:
"Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արեւմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ դիմակայության գործում, եւ դա այնտեղ արդեն դադարել են թաքցնել", - շարունակել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Երևանում գիտեն ռուսական սկզբունքային գնահատականները ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին: Դիվանագետը հավելել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների գնալու դեպքում Երեւանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի եւ կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետեւանքներով: "Ակնկալում ենք, որ հանրապետությունում կելնեն պրագմատիկայից. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան. այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ կոոպերացիան է նաև ԵԱՏՄ շրջանակներում", - ամփոփել է նա:
Ավելի վաղ Մոսկվան փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ: 2025 թվականի դեկտեմբերին Օվերչուկը նշել էր, որ Հայաստանն ինչ-որ փուլում պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության լիիրավ անդամ և կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ համատեղելիության հետ կապված խնդիրներ չեն ծագել: