
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այդ մասին ասվում է Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմի հայտարարությունում։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական։ Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը», – ասվում է Տոնոյանի փաստաբանների հայտարարությունում։
Փաստաբանական թիմը հիշեցնում է, որ Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի կալանքի տակ է: Այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– ասվում է փաստաբանների հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է հանդիսանում է ռազմամթերքի, այդ թվում ՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով: Այս գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախկին նախարարը կալանքի տակ էր 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը ։ Նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։