
Արմինֆո. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն (CCAF) արձագանքել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնած քրեական գործին: Սփյուռքյան կազմակերպությունում ափսոսանք են հայտնել և ամենավճռական ձևով դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները:
Խորհրդի համանախագահ Մուրադ Ֆրենկ Փափազյանի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ "այդ էսկալացիան նոր սահման է հատել ՝ կապված Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված ապօրինի դատական հետապնդումների հետ ՝ փաստերով, որոնք ակնհայտորեն վերաբերում են հոգևորականության բացառիկ իրավասությանը":
"Հայոց Եկեղեցու գերագույն առաջնորդի և նրա հիերարխիայի դեմ ուղղված քաղաքական բնույթի այս արշավը հայ ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկի անթույլատրելի խախտումն է: Դա թուլացնում է ողջ ազգը ՝ հայրենիքից մինչև Սփյուռք, նրա հոգում ստեղծելով ներքին պառակտում, որով կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը բախվում է արտաքին լուրջ սպառնալիքների, նա չի կարող իրեն թույլ տալ նման տեսակի առճակատում, որը նույնքան անարժան է, որքան կործանարար իր միասնության և բարոյական ուժի համար", - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: CCAF-ը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ողջ կառավարությանը համախմբվել և անհապաղ վերջ դնել Ստալինյան դարաշրջանի պրակտիկան և մեր պատմության ամենամութ ժամերը հիշեցնող այդ անկարգություններին:
Սփյուռքյան կազմակերպությունը պահանջել է անհապաղ վերանայել Ամենայն հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ կայացված անօրինական որոշումները: Ֆրանսիայի CCAF-ը Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եեկեղեցուն հավաստում է իր հարգանքը, լիակատար զորակցությունն ու համերաշխությունը:
Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ կարգալույծ Արման Սարոյանի հայցով դատական ակտը չկատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ համանման մեղադրանքներ էին ներկայացվել Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների և խորհրդի քարտուղարին: Փաստաբան Արա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների այս գործողություններն ուղղված են Գերագույն հոգևոր խորհրդի տապալմանը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 16-19-ը Ավստրիայում: Հատկանշական է նաև այն, որ գործը հարուցվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա կաթողիկոսությանը լքել Հայաստանի սահմանները: