


Արմինֆո. Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության անդամ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ սահմանադրության փոփոխության դեպքում Հայաստանի հետ պաշտոնական խաղաղություն հաստատելու հնարավորության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը՝ France 24 հեռուստաալիքին:
Նախարարի խոսքով՝ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն հստակ գնահատական է տվել, հաստատելով, որ գործող ՀՀ սահմանադրությունը չի հակասում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը:
"Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել թեկուզ վաղը։ Գործընթացը մեկնարկել է և ընթանում է բավականին լավ տեմպերով։ Արդեն կարևոր արդյունք է գրանցվել․ սահմանին զինվորներ չեն զոհվում։ Երկրում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում ամերիկյան ներդրումների աջակցությամբ, ինչը, իմ կարծիքով, երկարաժամկետ խաղաղության եւ տարածաշրջանի տնտեսական զարգացման կարեւորագույն երաշխիքներից մեկն է", - հայտարարել է նա։
Նշենք, որ France 24-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնել, որ երբ իրավական ձեւականություններն ավարտվեն, նկատի ունենալով Հայաստանի սահմանադրության փոփոխությունները եւ դրանց նախորդող հանրաքվեն, երկրների միջեւ կհաստատվի պաշտոնական խաղաղություն:



