


Արմինֆո. Երևանում մեկնարկում է ճանապարհների փոսային նորոգման լայնածավալ ծրագիրը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա, մասնավորապես, գրել է․ «Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։
Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։ Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:
Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական»։



