


Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ Միացյալ Նահանգներում որպես ՀՀ ռազմական կցորդ իր օրինակելի ու անբասիր ծառայության համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Իր պաշտոնավարման ընթացքում գնդապետ Մկրտչյանը գերազանց պլանավորման, համագործակցության ու հետևողականության միջոցով ապահովել է ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ու մեր երկրների միջև երկխոսությունը։ Գնդապետ Մկրտչյանի ջանքերն ուղղակիորեն նպաստել են հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների խորացմանը, մեր զինված ուժերի միջև անվտանգային և ուսումնավարժական հարցերում համագործակցության ամրապնդմանը։
Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում գնդապետ Մկրտչյանին նվիրված ծառայության ու առաջնորդման համար», - նշվում է դեսպանատան հաղորդագրությունում։



