
Արմինֆո. Սոցիալիստական ինտերնացիոնալը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր վրդովմունքն ու խորը մտահոգությունն է հայտնում Բաքվի զինվորական դատարանի որոշման առնչությամբ, որը վերաբերում է 19 հայ բանտարկյալներից 15-ին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում եւ կալանավորված են Լեռնային Ղարաբաղի նախկին հակամարտության համատեքստում:
"Այդ որոշումը, որը ներառում է հինգ ցմահ դատավճիռ, հակասում է խաղաղության հաստատման և հաշտեցման ջանքերի ոգուն։ Մենք նշում ենք այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնյան հռչակագիրը, կարևոր քայլ է կատարել ՝ թույլ տալով նաև տասնամյակների ընթացքում առաջին անգամ դեպի Հայաստան բեռների տարանցումն իր տարածքով: 2026 թվականի հունվարին Ադրբեջանը ազատ է արձակել 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո Ադրբեջանում բանտարկված չորս հայերի:
Այս ոգով, միանալով միջազգային այլ ինստիտուտների ձայնին, մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին հետագայում ևս զարգացնել ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բոլոր հայերին", - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ընդ որում, համոզմունք է հայտնվում, որ նման ժեստը բարի կամքի զգալի ապացույց կդառնար եւ էապես կնպաստեր Հարավային Կովկասում կայունությանը
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում: