
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր (1992թ. ապրիլի 30) Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև հարաբերությունները զարգացել են բարեկամության, կառուցողական համագործակցության և փոխըմբռնման ոգով։ Հայաստանը մեծապես կարևորում է Շվեյցարիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
2002 թվականից ի վեր Ժնևում արդեն իսկ գործում է ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան:
«Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, բազմակողմ և երկկողմ օրակարգերի առանձնահատկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն:
Հարկ է նկատել նաև, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություններ՝ այդ թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի դեսպանությունները ևս գտնվում են Բեռնում:
ՀՀ դեսպանության տեղափոխումը Բեռն առավել կդյուրացնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումը, հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել վերջիններիս հետ կապը և խթանել երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը:
ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են ընդամենը 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 62.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: Դեսպանության տեղափոխման հետ կապված` պահանջ է առաջանում 2026 թվականի պետական բյուջեով ԱԳՆ 1128 ծրագրի 11001 «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման ծախսերը ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով», - ասվում է հիմնավորման մեջ: