
Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին հրապարակումը հեռացնելու համար:
Մասնավորապես, պատվավոր խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ երբ 2022 թվականին որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ այցելել էր Հայաստան, Կոնգրեսի իր գլխավորած պատվիրակությունը կանգնել էր Ծիծեռնակաբերդում և պարզ ու առանց ներողություն խնդրելու խոսել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է ։ "Այս ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը 2019 թվականին ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց, պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին․ դիրքորոշում, որը խայտառակ կերպով չեղարկվեց Թրամփի վարչակազմի կողմից։ Խորապես հիասթափեցնում է, թեեւ զարմանալի չէ, որ փոխնախագահը հեռացնում է այդ ճշմարտությունն ընդունող գրառումը: Պատմության ջնջումը պատվազրկում է զոհերին և թուլացնում է մեր հավատարմությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում", - գրել է Փելոսին՝ Facebook-ի իր էջում։
Իր հերթին՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հիշեցրել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվել և սովամահ է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: "Եվ երբ տեղի ունեցավ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը անմար կրակի մոտ ՝ ի հիշատակ դրա զոհերի, Թրամփի վարչակազմը հերթական անգամ չկարողացավ այդ հանցագործությունը կոչել դրա իսկական անունով", - նշել է Փալոնը:
Իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Մաքգովերնը նշել է, որ Վենսը և իր կինը, հեռացնելով այս գրառումը, ցույց են տալիս, որ իրենց համար ավելի կարևոր են իրենց ավտորիտար բարեկամները, քան՝ ճշմարտությունը: "Զզվելի է և խղճալի։ Հայոց ցեղասպանությունը փաստ է։ Ես գլխավորում էի երկկուսակցական կոալիցիան, որը կոչ էր անում ԱՄՆ-ին ճանաչել ցեղասպանությունը, ինչը նախագահ Բայդենը վերջապես արեց 2021 թվականին", - հայտարարել է Մաքգովերը։
Սենատոր Էդ Մարկին ևս արձանագրել է, որ Հայոց ցեղասպանության հետևանքով զոհվել է 1,5 միլիոն հայ: "Այդ ճշմարտությունը չի կարելի ջնջել։ Ես պայքարել եմ, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի այդ հանցագործությունները որպես ցեղասպանություն, և ես կշարունակեմ աջակցել հայ համայնքին ՝ դիմակայելու պատմությունը վերաշարադրելու Թրամփի վարչակազմի փորձերին", - նշել է նա։
Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանն, իր հերթին, այդ արարքը որակել է փոխնախագահ Վենսի կողմից բացարձակ վախկոտ պահվածք: "Դուք իրավունք չունեք ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այնուհետև ջնջել ձեր գրառումը, որտեղ հիշատակվում է ցեղասպանությունը՝ Էրդողանին հաճոյանալու համար։ Ձեր գործողությունները վիրավորանք են զոհերի հիշատակին", - հայտարարել է Ֆրիդմանը։
"Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Փոխնախագահ Վենսը կարող է հեռացնել իր գրառումը, բայց նա չի կարող ջնջել պատմությունը: Փաստերն անտեսելու նրա որոշումն ավելի քան անհարգալից վերաբերմունք է հայ համայնքի եւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց նկատմամբ", - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեկ այլ անդամ՝ Ջուդի Չուն։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի էջից փետրվարի 10-ին հեռացվել էր նրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության վերաբերյալ հրապարակումը, որում ասվում էր․ "Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը ներկա են գտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը":
Ինքը՝ Վենսը, մեկնաբանելով այդ իրավիճակը, հավաստիացրել է, որ լուսանկարը սխալմամբ զետեղել էին իր գրասենյակի աշխատակիցները։
Նշենք, որ Ջո Բայդենը ԱՄՆ առաջին նախագահն է, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն է ճանաչել՝ Կոնգրեսի եւ Սենատի կողմից ճանաչումից հետո: Մինչև 2021 թվականի ապրիլի 24-ը ԱՄՆ ղեկավարությունը խուսափում էր նման բնորոշումից, որպեսզի չփչացնի հարաբերություններն Անկարայի հետ։ Մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, խոսքը ոչ թե Թուրքիային մեղադրելու, այլ պատմական փաստի հաստատման մասին է: 2019 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ.ապրիլի 22-ի իր հայտարարությունում պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը ՝ այն դասելով Հոլոքոստի և Կամբոջայի ցեղասպանության հետ նույն շարքում: Իր հայտարարության մեջ նա ընդգծել էր պատմության դասերը հիշելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործությունները չկրկնվեն: