
Ամեն անգամ կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը սրում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սա արդեն միտում է: Դեկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` պատասխանելով զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հաճախակի դրաձած դիվերսիաներին առնչվող ԱրմԻնֆո-ի հարցին:
«Այդ սադրիչ գործողություններով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն չի գոհացնում հակամարտության գոտում գոյություն ունեցող իրավիճակը, և ինքը ցանկանում է փոխել առկա իրողությունները», - նշել է նա:
Քաղաքագետն ընդսմին հավելել է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ընդհուպ` մարտական գործողությունների վերսկսման: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքանով արդյունավետ կարող է լինել Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ստեղծված իրավիճակում, և որքան կարող է շարունակվել նման իրավիճակը, քաղաքագետը նշել է, որ նման հռետորաբանությունը կարող է շարունակվել մի քանի տարի, և ամեն ինչ կախված կլինի ինչպես լոկալ, այնպես էլ, ընդհանրապես, գլոբալ գործընթացներից միջազգային ասպարեզում:
«Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների հանդիպմանը, ինձ համար դժվար է որևէ լավատեսական կանխատեսում անել: Պետք չէ ինչ---որ լուրջ արդյունք ակնկալել երկու երկրների ղեկավարների հանդիպումից, դա, ավելի շուտ, այն բանի ցուցադրումն է, որ խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է», - նշել է փորձագետը:
Հիշեցնենք, որ դեպտեմբերի 19-ին Բեռնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նաև հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Դեկտեմբերի 18-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ստորաբաժանումները դիմել էին հերթական դիվերսիոն գործողությունների հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել էին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու, և պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, շփման գծում իրավիճակի սրման հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայղո է զոհվել: