
Արմինֆո.ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Բաքու մեկնելիս հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը:
Երևանի "Զվարթնոց" օդանավակայանում Վենսը՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցին, մասնավորապես ասել է․ «Այդ հարցն, անշուշտ, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի դեպ, ես լսել եմ վարչապետի ելույթը երեկ։ Նա լավատես է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք այժմ ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ: Այդ պատճառով մենք, անշուշտ, մի շարք հարցեր կբարձրացնենք, բայց, ես կարծում եմ, որ կշարունակենք արդյունավետ եւ հաջող համագործակցությունը ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ"։
Ընդ որում, Վենսը Հայաստան կատարած այցն արդյունավետ է անվանել։ Անդրադառնալով Հայաստանում ներդրումներին՝ ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ երեկ կողմերի ստորագրած փաստաթղթերից մեկը, ինչպես նաև այն հարցերից մեկը, որի վրա Երևանն ու Վաշինգտոնն աշխատում են հանդիպումների ժամանակ, զգալի ներդրումներն են Հայաստանում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կնքված որոշ շահավետ գործարքների շնորհիվ: "Դրանցից մեկը այն է, որ ստեղծվելու է տվյալների մշակման շատ մեծ կենտրոն․.. Ի դեպ, ես կարծում եմ, որ այն արդեն գործարկվել է, տվյալների մշակման կենտրոն, որի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կարող է հասնել 4 մլրդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի հայրենիքում գտնվող մարդկանց համար: Այնպես որ, սա դասական շահեկան իրավիճակ է: 4 մլրդ դոլարը, կարծում եմ, այն է, ինչի կարող է վերածվել նախագիծը, բայց դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի", - եզրափակել է նա։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում: