


Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի կապակցությամբ փետրվարի 9-ին եւ 10-ին Երեւանում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 9-ին ժամը 17:00-ից մինչեւ 21:00-ն գնացքները կանգ չեն առնի Երեւանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանում: Կսահմանվեն նաև Երևանի մի քանի փողոցներում երթևեկության սահմանափակումներ:
«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար», - ասվում է Երեւանի մետրոպոլիտենի հաղորդագրությունում։
«Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը: Փետրվարի 9-ին և 10-ին տարբեր ժամերին կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցով ՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցով ՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ: Հարգելի քաղաքացիներ, պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը", - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:



