


Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը կայցելի Հայաստան, ապա փետրվարի 10-11-ը կմեկնի Ադրբեջան: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի Վաշինգտոնի ծառայությանը հաղորդել է Վենսի մամուլի քարտուղարը:
Վենսի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը 2026 թվականի փետրվարի 9-11-ը Միլանում (Իտալիա), Երևանում (Հայաստան) և Բաքվում (Ադրբեջան) կմիանա փոխնախագահ Ջեյ Վենսին: "Նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղությանն ուղղված ջանքերին և "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճման" (TRIPP) ծրագրի առաջխաղացմանը", - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Հայկական կողմն առայժմ որևէ տեղեկություն չի հրապարակել Վենսի ՝ Հայաստան այցի վերաբերյալ:



