
Արմինֆո. TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր։ Այդ մասին գրում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը:
Հայաստանի ընդերքաբանության ոլորտի կենտրոնական մասնագետի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. լույս տեսած գրքում (Алоян П. Ураноносность геологических формаций Aрмении. - Ереван: ГЕОИД, 2010 г.) ներկայացված է մի քարտեզ, որում հստակ նշված են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գոտիները (քարտեզը կցված է):
Վաշինգտոնի գեոտնտեսական նպատակները շատ հստակ են.
1. հետ չմնալ Չինաստանից ու Ռուսատանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումային ռեակտոր, արագ նեյտրոններով ռեակտոր): Հատկանշական է, որ ցայսօր ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի ամենախոշոր մատակակարը Ռուսաստանն է:
2. թույլ չտալ դեպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացումը՝ Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է դիտվել Թրամփի կողմից որպես տնտեսական գաղութացման գոտի:
TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր», - գրել է Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների հնարավոր առկայությունը վաղուց առաջացրել է Հայաստանի հասարակության, հատկապես, այն բնապահպանական շրջանակների մտահոգությունը, որոնք դեմ են Ամուլսարի ոսկու հանքավայրի կառուցմանն ու շահագործմանը: Բնապահպանները վկայակոչել են հայտնի հայ գիտնական Պետրոս Ալոյանի աշխատանքները, ով իր "Ураноносность геологических формаций Aрмении" աշխատության մեջ, հետազոտական աշխատանքների հիման վրա, նշել է ոսկու հանքի տարածքում ուրանի հանքաքարերի առկայությունը: Նրա տվյալներով ՝ Ամուլսարի ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ հարավ-արևելք և համանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս-արևմուտք ։ Ալոյանի տվյալներով՝ Ամուլսարի երևակման հինգ տեղամասերում հաշվարկվել է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումի տեղամասի ուրանը, դրա ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Իսկ Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների լրացուցիչ ուսումնասիրությունների համաձայն, հանքավայրերում "թաքնված" է 195 տոննա ուրան և թորիում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8 - ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ամրագրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու մտադրությունը ։ Թրամփը հայտարարել է, որ կարգավորվել է առանցքային հարցը, որը խանգարում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եւ դա տարանցիկ երթուղու բացման հարցն է, որը կմիացնի մայրցամաքային Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջեւանին՝ հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակցությամբ: Հայաստանի տարածքում "Թրամփի երթուղու" տրանսպորտային ենթակառուցվածքի մշակմամբ և կառուցմամբ կզբաղվի TRIPP Development ընկերությունը։ Վաշինգտոնը կտնօրինի դրա 74 տոկոսը, իսկ Երեւանը ՝ 26 տոկոսը։ Հայ-ամերիկյան այդ համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և իրավունք կստանա զարգացնել երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթա - և գազատարների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքները: Նախագծի կառավարումը կհանձնվի ամերիկյան ընկերությանը՝ 49 տարի ժամկետով։