


Արմինֆո. Կարգալույծ հռչակված հոգևորականներ Արամայիս Թահմազյանը (նախկինում Թալինի հոգևոր հովիվ Հայր Թադե Թահմազյանը - խմբ.) և Ստեփան Ասատրյանը (նախկինում Հովհաննավանքի հոգևոր հովիվ հայր Տեր Արամը - խմբ.) հայց են ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:
Իրավական ակտերի Datalex համակարգում զետեղված հաղորդագրության համաձայն, նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի՝ իրենց կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել իրենց նախկին պաշտոններում:
Հիշեցնենք, որ կարգալույծ երկու հոգևորականները միացել են 2025 թվականի մայիսին ՀՀ վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծավալված հակաեկեղեցական արշավին։ Հայր Արամ Ասատրյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին ՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, որի համար հիմք են հանդիսացել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվավոր կոչումների և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը: Այդ փաստաթղթերում ասվում էր, որ Տեր Արամ Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Եկեղեցին, թեմի առաջնորդին և իր ընկեր քահանաներին ՝ անտեսելով թեմի առաջնորդի հորդորն ու ցուցումները, նա շարունակել է իր գործողությունները:
Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թահմազյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ, ինչի համար հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկույցը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի ՝ Հայր Թադեն վարկաբեկել է Հայ Եկեղեցին և հոգևորականներին, այդ թվում ՝ հրապարակային զրպարտություն տարածելու միջոցով, կատարել է հակաեկեղեցական գործողություններ, ինքնակամ բաց է թողել պատարագի այն հատվածը, որտեղ հիշատակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, անհնազանդություն է ցուցաբերել եկեղեցական իշխանություններին:



