
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանում պահվում է ոչ թե հանցագործությունների, այլ՝ նրանց ծագման և ինքնորոշման իրավունքի պատճառով, կարծում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը:
"Հայ քաղաքական պատանդները՝ գրեթե բոլորը Լեռնային Ղարաբաղից, առևանգվել և պահվում են Բաքվում շինծու դատավարություններով։ Նրանց պահում են ոչ թե հանցագործությունների համար, այլ նրանց ծագման և ինքնորոշման իրավունքի պատճառով։ Նրանց ազատ արձակումն անհրաժեշտ պայման է խաղաղ բանակցությունների համար", - գրել է խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում՝ գրառմանը կից հրապարակելով Երևանի Արցախի ներկայացուցչության բակում արված լուսանկար, որում պատկերված է Բաքվում պահվող ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառ:
Նշենք, որ փետրվարի 4-ին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև "Միջազգային քրիստոնեական համերաշխություն" իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները այցելել են Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենք, որտեղ բանակցություններ են վարել ԼՂՀ ղեկավարության հետ։
Հավելենք, որ փետրվարի 3-ին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ARCPR) Երևանում մամուլի ասուլիս էին հրավիրել ՝ ներկայացնելու Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները:
Շվեյցարացի խորհրդարանական Էրիխ Ֆոնտոբելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ասում են, թե Լեռնային Ղարաբաղի էջը փակ է, բայց իրենք իրականությունն այլ կերպ են տեսնում: Նա ընդգծել է, որ հարցը չի կարելի փակված համարել, եթե տեղահանված անձինք հայրենիք չեն վերադարձել: Ֆոնտոբելը հավելել է, որ միջազգային հանրությունը հստակ հայտարարել է, որ կատարվել է հանցագործություն: Խորհրդարանականը համոզմունք է հայտնել, որ Արցախից տեղահանված անձանց վերադարձը պետք է դառնա կայուն խաղաղության անբաժանելի մասը: Վերջում նա ընդգծել է, որ իրենք ձգտելու են ամեն ինչ անել՝ իրենց ուժերի ներածին չափով: