
Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է վերանայել զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:
Ինչպես ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով փոփոխությունները, նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից:
Նախարարը նշել է, որ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շուրջ 4 հազար մասնակիցներ պայմանագրային հիմունքներով ծառայության են անցել բանակում: Ընդ որում, այդ գործընթացը աճի միտում ունի ։ Զինծառայողները հնգամյա պայմանագրային ծառայություն անցնելուց հետո նոր պայմանագրեր կնքելիս կարող են ակնկալել լրացուցիչ միանվագ պարգևավճար․ 2 տարվա համար՝ 1,5 մլն դրամ, 5 տարվա համար՝ 5 մլն դրամ:
Պապիկյանն ընդգծել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են 24-25 տարեկան զինծառայողների համար ՀՀ ԶՈՒ - ում ծառայությունը շարունակելու լրացուցիչ մոտիվացիոն գործոնների ձևավորմանը, ինչը թույլ կտա ավելի արագ ստեղծել պրոֆեսիոնալ բանակ: 30 տարին լրանալու դեպքում զինծառայողների նշված խումբը զինվորական ծառայությունը շարունակելու հնարավորություն կստանա:
Պապիկյանը նշել է հենց հիմա փաստաթղթի ներկայացման ոչ պատահական լինելը։ Նա նշել է, որ նախկինում եղել է պահանջ, որ ժամկետային զինծառայողները պետք է ուսուցում անցնեին ըստ ուսումնական ծրագրի, իսկ պայմանագրային զինծառայողների համար գործել են այլ պահանջներ: Ներկայումս երկրի զինված ուժերում արդեն ներդրվել է հավասարության սկզբունքը. զորամասերում ուսումնական կառույցներում ժամկետային զինծառայողները վերապատրաստվում են նույն չափանիշներով, որոնցով վերապատրաստվում են սպաները և պայմանագրային զինծառայողները: Ուսումնառությունն ավարտած և դրական արդյունքներ ստացած զինծառայողները համարվում են ատեստավորում անցած: Ուսումնական գործընթացի ժամկետը կկազմի 4 ամիս: Նույն սկզբունքը կգործի նաև ռազմական ակադեմիայի այն շրջանավարտների նկատմամբ, ովքեր քննությունների ընթացքում ստացած գնահատականների հիման վրա կհամարվեն ատեստավորումն անցած: Աշխատավարձի և դրանց հավելավճարների չափը կախված կլինի ծառայության վայրից և զինծառայողի որակավորումից: Այն կարող է կազմել 820 հազար դրամ։