
Արմինֆո. Առանց Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։ Այդ մասին ասվում է ԱրմՒնֆո-ին տրամադրված ՀՅԴ-ի հայտարարությունում՝ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հրապարակված դատավճիռների առնչությամբ։
«Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։ Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանը ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին եւ ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը։ Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։
Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։
Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Առանց այդ պատանդների անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։
Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։ Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտված կազմակերպված ու նպատակասլաց պայքարը», - ասվում է ՀՅԴ բյուրոյի հայտարարությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում: