


Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի խամաճիկային դատարանի վճռին։
«Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։
Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին», - ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման:



