


Արմինֆո. Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ փակել էին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհը ՝ ի նշան էկոպարեկների դեմ բողոքի:
ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությունից մոտ մեկ ժամ է պահանջվել, որպեսզի ցուցարարներին համոզեն ազատել ճանապարհը: Այս պահին ճանապարհը բաց է, սակայն տեղի բնակիչները սպառնացել են, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, բողոքի ցույցերը կշարունակվեն, այդ թվում ՝ նորից փակելով ճանապարհները: Նրանց ասելով՝ կառավարությունն արդեն թույլատրել է ձկնորսությունը, իսկ էկոպարեկներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում գյուղերի բնակիչների համար։
Մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ պարզաբանումներով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարությունը: Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կառավարության որոշմամբ սահմանվել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամանակահատված ՝ ս.թ. փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը: Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։ «Պայմանագրերը կնքման ընթացքում են։ Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում», -նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սևանա լճի շրջակայքում բնակվող բազմաթիվ քաղաքացիների համար ձկնորսությունը եկամտի միակ աղբյուրն է:



