
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրամիության հետ համագործակցության հիմքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան բազմիցս ասել է, որ Հայաստանն ունի իր ինքնիշխան ընտրությունը։ "Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ինքն ընտրել իր արտաքին կողմնորոշումը ։ Քննարկումներ այն մասին, թե ինչն է ավելի կարևոր, ինչն է ավելի ձեռնտու Հայաստանին՝ Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների շարունակումը թե Եվրոպական միության նորմերին ու չափանիշներին անցումը, այդ քննարկումներն ընթանում են, մենք դրանց հետևում ենք։ Բայց դուք գիտեք նաև մեր դիրքորոշումը. այն պայմանավորված չէ ինչ-որ գաղափարական շարժառիթներով, այն բխում է իրողություններից։ ԵԱՏՄ անդամությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցելու հիմքում, առավել ևս ՝ Եվրամիությանը միանալու հարցում, դա ձեր ընտրությունն է, մենք այն լիովին կհարգենք", - հայտարարել Է Լավրովը։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, թե ակնկալում է, որ միևնույն ժամանակ կհարգվի այն արդյունքը, որը ձեռք է բերվել վերջին 10 տարիների ընթացքում, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ լիիրավ անդամ: "2015 թվին սկսել ենք 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ի ծավալից, իսկ այսօր դա 26 մլրդ դոլար է՝ 2,5 անգամ ավելացել է, դա, պարզապես, փաստ է, ես դա, նույնիսկ, որեւէ կերպ չեմ մեկնաբանի", - հավելել է նա:
Ռուս դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը: "Մենք մեր այս վիճակին պատասխանատու ենք վերաբերվում, ամեն կերպ ցանկանում ենք զարգացնել այդ համագործակցությունը, առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, նախաձեռնություններ, հաշվի առնելով այն փորձը, որն արդեն գոյություն ունի Հայաստանի տնտեսության կառույցներում", - ամփոփել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Մոսկվան փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ: 2025 թվականի դեկտեմբերին Օվերչուկը նշել էր, որ Հայաստանն ինչ-որ փուլում պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության լիիրավ անդամ և կմնա ԵԱՏՄ-ում՝ մինչև համատեղելիությանն առնչվող խնդիրներ չառաջանան: