


Արմինֆո. ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանը հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդների եռյակում է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին:
Հայաստանը վերջին 4 տարիներին մի քանի գործարք է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանային զենքերի, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսանելիության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանային արկերի լայն տեսականի ձեռք բերելու համար: Ընդ որում, Հայաստանը դարձել է հնդկական արտադրության "Ակաշ" ԶՀՀ առաջին օտարերկրյա գնորդը։
2022 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանը ստորագրել է ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր ՝ Հնդկաստանից սպառազինություն գնելու համար, ներառյալ հնդկական 214 մմ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց համար նախատեսված ռեակտիվ արկերը, հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք։
Իսկ արդեն 2023 թվականի աշնանը Indian Defence Research Wing-ը հաղորդել էր, որ օգոստոսի սկզբին հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող ATAGS 155 մմ հաուբից ՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանային զենք։



