
Արմինֆո. Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:
Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:
Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։
Նշենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է քիչ առաջ։ Երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Աբու Դաբի ՝ մասնակցելու "Զաիդի մարդկային եղբայրության մրցանակ 2026" -ի հանձնման արարողությանը: Նրան ուղեկցում է կինը ՝ Աննա Հակոբյանը։