
Դիվանագետները պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական աշխատանքով և արտասահմանյան պետություններում իրենց երկրների շահերի պահպանմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ ԱՄՆ դեսպանության հայտարարությանը:
ՙԴիվանագետների գործունեության տրամաբանությունը պետք է բխի բացառապես այն երկրների շահերից, որոնք իրենք ներկայացնում են, և չպետք է ուղղված լինի պետությունների քաղաքականության ճնշմանը, որտեղ իրենք հավատարմագրված են՚,- հայտարարել է Սահակյանը՝ ընդգծելով, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ շատ ահազանգեր ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դրանք անհիմն են:
Նա նաև հավաստիացրել է, որ իշխանությունները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի հանրաքվեն ընթանա օրենքներին համապատասխան՝ որպես օրինակ բերելով այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ապացույցների հիման վրա ձերբակալվել է քաղաքացի, ով փորձել է ճնշում գործադրել ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամի վրա: ՙԱյդպես կլինի խախտումների բոլոր փաստերի առնչությամբ, եթե դրանք ապացուցվեն՚,- հավաստիացրել է հանձնաժողովի ղեկավարը:
Նշենք, որ օրերս ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել Հայաստանի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. ՙԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:
Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ: Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս՚: