
Արսեն և Արման Բարխուդարյանները Տավուշի մարզի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են: Սակայն հայտնի են նրանք Բերդավանում ոչ դրանով: Սահմանամերձ գյուղերում զինծառայողները քիչ չեն: Պայմանագրային ծառայությունը Զինված Ուժերում գոյատևելու աղբյուր է, հետևաբար գնդակոծվող սահմանամերձ գյուղերում ընտանիքների մնալու գրավականը:
Արսենը և Արմանը հմուտ մեղվապահներ են և , ըստ իրենց, արտադրում են ամենալավ մեղրը շրջակայքում: Դրանում մենք առիթ ունեցանք անձամբ համոզվել, երբ ձայնագրիչի և տեսախցիկի կողքին Բարխուդարյանների սեղանի վրա հայտնվեցին հոտավետ մեղրով և խաղողով լի ափսեները:
Բանակում ծառայությունից բացի եղբայրները թթի օղի են քաշում, խաղող աճեցնում, ձմեռվա համար փայտ պաշարում և ընդհանրապես նույնիսկ գյուղական չափանիշներով շատ աշխատասեր մարդիկ են:
Բարխուդարյանների երկհարկանի տան շուրջ փռված լայնարձակ բակը սփռված է մեղվի փեթակներով, որոնց վրա տզզում են մեղուները: Բակի կենտրոնում կանգնած է օղի թորող սարքավորումը, որի շուրջ, մերթընդմերթ մեր զրույցը ընդհատելով, պտտվում է եղբայրներից մեկը: Բակի անկյունում կանգնած է կրակոցի հետքերով «06» մոդելի «ժիգուլիները»:
«Մենք դաշտում խաղող էինք հավաքում (այս տարին բավականին բերքառատ էր), երբ լեռան վրայի դիրքերից սկսեցին կրակել: Մեր դաշտերը գտնվում են սահմանամերձ գոտում, սակայն մինչ այդ օրը ադրբեջանցիները գյուղացիների վրա չէին կրակում: Հրաձգությունը միայն դիրքերի միջև էր: Ամեն ինչ փոխվեց անցյալ տարվա ամառվանից», – պատմում է Արսենը:
«Այդ օրը նրանք կրակեցին մեր մեքենայի վրա, սակայն գնդակը մենք չգտանք, փառք Աստծո, այն չի դիպչել բենզինի բակին և գազի բալոնին: Այդ օրը կրակում էին գնդացիրներից և ականանետերից, մենք դա միանգամից հասկացանք, կարող եք նկարել», – մեծ եղբորը ընդհատում է Արմանը, ինչից հետո ուղեկցում է մեզ սպիտակ «06»-ի մոտ:
Եղբայրների խոսքերով, առաջին հողի մեջ մխրճված գնդակից հետո նրանք պառկեցին գետնին և շրջապատող մարդկանց հորդորեցին անել նույնը: Այդ օրը Արսենն ու Արմանը այդպես էլ չկարողացան բերքը հավաքել, սակայն հաջորդ գիշեր հարևանների և բարեկաների օգնությամբ հավաքեցին ամբողջ խաղողը: Նույն կերպ գիշերներով նրանք օգնում էին մնացած գյուղացիների բերքահավաքին: Մի փոքր բերդավանցիներին օգնեց և առավոտյան մառախուղը:
«Իհարկե, գիշերներով բերքահավաքը բավականին ծանր էր, սակայն ընտրություն չունեինք: Կարևորը բերքը փրկելն էր: Մի խոսքով, այս տարի մեզ չհաջողվեց տոնել խաղողաքաղը, չնայած գյուղացիները շատ էին սպասում այդ օրվան: Ընդհանուր առմամբ կրակոցները հնչում էին 10-15 օր, որոնց ընթացքում գյուղը կորցրեց երկու բնակիչ: Եվս մեկը վիրավորվեց արկի բեկորից»…
Բերդավանցիները հիմնականում ապրում են տեղական վերամշակող գործարաններ հանձնվող խաղողի հաշվին: Հիմնականում դա կոնյակի տեսակներ են, սակայն աճեցվում է նաև խաղող գինու արտադրության համար: Այս տարի խաղողը գնվում էր կիլոգրամը 150 դրամով, անցած տարի խաղողի գինը չէր գերազանցում 120 դրամը:
Մեր հարցին ի պատասխան ձեռնարկվող քայլերի մասին Արսեն Բարխուդարյանը զարմացած ասում է. «Մենք նույնիսկ չէինք էլ փորձում պատասխան կրակ բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ: Ինչպե՞ս մենք կարող էինք պատասխանել, երբ գյուղի կեսը գտնվում էր դաշտերում, գնդակոծվող գոտիում: Նրանք միայն դրան էին սպասում, որպեսզի ավելի խտացնեն կրակոցները: Դա կարող էր բերել նոր զոհերի»:
Եղբայրները, մատնանշելով գյուղի հարևանությամբ գտնվող սարը, վստահեցնում են, որ , չնայած թվացող անդորրին, գնդակոծությունը կարող է սկսվել ցանկացած պահի: Այդպիսի օրերին դպրոցը շարունակում է գործել, բայց գյուղացիները երեխաներին այնտեղ չեն ուղարկում: Քանի որ երկու ամիս առաջ երեխաների մի խումբ գնդակոծության թիրախ էր դարձել: Բախտի բերմամբ, նրանք ընդհամենը վախեցան, սակայն դրանից հետո որոշ ծնողներ երեխաներին տեղափոխեցին հարևան գյուղերի դպրոցներ:
Եղբայրների խոսքերով, գյուղացիներին հակառակորդի հետ հրաձգությունները հաստատ պետք չեն: Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ է արձակվում միայն ի պատասխան: Հակառակ դեպքում, նրանց կարծիքով, այն ընդհանրապես անիմաստ է: «Ես երբեք չէի հասկանում ինչո՞ւ էին նրանք առանց պատճառի սկսում կրակել: Ինչի՞ համար է դա պետք: Մենք արդեն վաղուց դադարել ենք կրակոցներում որևէ իմաստ փնտրել», – գլուխն է օրորում Արմանը:
«Իմաստ է պարունակում երևի այն, ինչով մենք զբաղվում ենք տանը, անտառում, դաշտերում: Օրինակ նա վերջերս ամուսնացել է, հիմա սպասում ենք , երբ է մեր տանը հնչելու երեխայի ճիչն ու ծիծաղը», - լայն ժպտում է Արսենը ու գլուխը թեքում փոքր եղբոր ուղղությամբ: «Լքել գյուղը մենք միևնույն է չենք պատրաստվում, տեղ էլ չունենք գնալու: Չնայած որոշ գյուղացիներ, հատկապես փոքր երեխաներ ունեցողները, ստիպված են եղել տեղափոխվել հարևանությամբ գտնվող Իջևան և Դիլիջան: Բացի այդ, մենք զինծառայող լինելով, վաղուց ընտելացել ենք գնդակոծություններին»…