


Արմինֆո. Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են)՝ որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում», - գրել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական լայն արշավ է ծավալել ՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Այդ քարոզարշավի շրջանակներում մի շարք հոգևորականներ կալանավորվել են ։ Ավելին, մի խումբ եպիսկոպոսներ միացել են Փաշինյանին ՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Այդ առնչությամբ դեկտեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր դեկտեմբերի 10-12-ին Եպիսկոպոսաց ժողով գումարելու մասին ՝ քննարկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր: Սակայն դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռը հայտարարել էր այն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, հաշվի առնելով հոգևորականների նկատմամբ բռնաճնշումները, այդ թվում ՝ կալանավորումնները: Այնուհետև Գարեգին Բ - ն որոշում է կայացրել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սուրբ Պելտեն քաղաքում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակ էլ Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց՝ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու Գարեգին Բ-ի տնօրինությունից հետո։



