


Արմինֆո. Կայացել է Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ։
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում կողմերը ամփոփել են անցած տարվա ընթացքում երկկողմ համագործակցության արդյունքները՝ ընդգծելով ղազախա-հայկական հարաբերությունների կայուն դրական դինամիկան և դրանց գործնական ուղղվածությունը։ Նշվել է, որ կանոնավոր քաղաքական երկխոսությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստել են համագործակցության ընդլայնմանը լայն շրջանակի ուղղություններով և հարաբերությունների բարձրացմանը ռազմավարական գործընկերության մակարդակի։
Ղազախստանի դեսպանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով դրանց ուղղվածությունը պետական կառավարման համակարգի արդիականացմանը և պետական ինստիտուտների կայունության ամրապնդմանը։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել երկկողմ համագործակցության գործնական ասպեկտներին, այդ թվում՝ փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը, ներդրումային ակտիվության խթանմանը, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Այդ համատեքստում վերահաստատվել է երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման արդիականությունը՝ որպես գործարար, հումանիտար և զբոսաշրջային կապերի ակտիվացման կարևոր տարր։
Կողմերը քննարկել են ընթացիկ տարվա համար նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը և վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր շփումներն ու գործնական աշխատանքը՝ ուղղված ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փուլային զարգացմանը։



