


Արմինֆո."Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը իրականություն կդառնա մարզերի, հատկապես, Գյումրի քաղաքի և ողջ Շիրակի մարզի համար: Այդ մասին հայտարարել է "Մեր ձեւով" շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
"Երբ մենք խոսում ենք 300 000 աշխատատեղերի մասին, մենք խոսում ենք այն մասին, որ Գյումրիի և ողջ Շիրակի մարզի բնակիչների համար մենք կվերադարձնենք արժանապատիվ աշխատանքը, հույսը, վստահությունը ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու հարցում և, ի վերջո, մեր տարածաշրջանին ու քաղաքին կվերադարձնենք նրա կենսունակությունը", - ասել է Ռուբեն Մխիթարյանը:
Նա հավելել է, որ ներկայիս իշխանության օրոք մարզը լավագույն ժամանակներ չի ապրում ՝ աղքատություն, աշխատանքի հնարավորությունների բացակայություն, արտագաղթ: "Սամվել Կարապետյանի առաջարկած նախաձեռնությունն իսկական փրկություն կլինի Գյումրիի եւ ողջ Շիրակի մարզի համար", - ընդգծել է Ռուբեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Երևանում ներկայացվել է "Մեր ձեւով" շարժման ծրագիրը, որը ներառում է հինգ հիմնական ուղղություն․ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, հատկապես, մարզերում, 0 տոկոս հարկեր փոքր բիզնեսի համար, դեղերի գների 20 տոկոս իջեցում բոլորի համար, գյուղերից բերքի երաշխավորված գնում, 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ: "Ես երաշխավորում եմ դրանց կատարումը", - նշել է գործարարը։



