


Արմինֆո. Ռուս Ուղղափառ Եկեղեցին մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու գործերին Հայաստանի իշխանությունների կոպիտ միջամտության փորձերի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ։
"Տեղի ունեցած զրույցի ընթացքում արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Եզրաս արքեպիսկոպոսին իր զորակցությունն է հայտնել այսօր Հայոց եկեղեցու վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ: Միտրոպոլիտ Անտոնիոսն ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցում խորապես մտահոգված են եկեղեցական գործերին Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների կոպիտ միջամտության փորձերի առնչությամբ և անընդունելի են համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը", - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Եզրաս արքեպիսկոպոսը արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին տեղեկացրել է Հայ Առաքելական Եկեղեցում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն հայտնել Մոսկվայի պատրիարքարանի ցուցաբերած համերաշխության համար:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները ։ Այսօրվա դրությամբ մտացածին մեղադրանքներով 4 բարձրաստիճան հոգևորականներ գտնվում են բանտերում: Ավելին, Հայաստանի վարչապետը 10 հերձվածող եպիսկոպոսների հետ շրջանակային փաստաթուղթ է ստորագրել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման վերաբերյալ։



