


Նախօրեին Երեւանում ընթացել է համերգ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ: «Ներդաշնակության մեղեդին» նախաձեռնությանը Հայաստանից մասնակցել է «The Beautified Project» ռոք խումբը, Թուրքիայից` ֆոլք-երաժիշտններ և հայկական ծագումով թուրք երգչուհի Սիբիլը:
Ինչպես նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հենց մշակույթն է միավորում ժողովուրդներին` բացելով երկրների միջև սահմանները: Նախատեսվում է համանման համերգ անցկացնել Ստամբուլում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում հանդիսատեսի դատին կներկայացվի հանդուրժողականության թեմային նվիրված նոր երգ, որի համահեղինակն է «The Beautified Project» առաջատար երաժիշտ Անդրե Սիմոնյանը: «Ներդաշնակության մեղեդին» նախաձեռնությանն աջակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«The Beautified Project»-ն անգլերեն կատարումներով Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում ստացած առաջին խումբն է: 2008 թվականին խումբը ձայնագրել և թողարկել է իր առաջին Behind the Happy mask պաշտոնական ալբոմը, ընդ որում` երգերից մեկի տեսահոլովակը ցուցադրվել է MTV և PMC-ով: 2012 թվականին խմբի երաժիշտներն արժանացել են Հայաստանի ազգային երաժշտական մրցանակի` «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում:


