
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրման պատճառները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպում է, ինչպես նաև Թուրքիայի հրահրումները` այդ երկրի բարձրագույն ղեկավարների սադրիչ հայտարարությունների տեսքով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ բարձրագույն մակարդակի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն դիմում է տարբեր սադրանքների` բանակցությունների ընթացքում որպես ուժեղ կողմ հանդես գալու նպատակով:
Ընդ որում նա ընդգծել է, որ իր ապակառուցողական վարքագծով Ադրբեջանը մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև` ԵԱՀԿ ՄԽ երկրներին: «Երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ մեկ օր անց ադրբեջանական կողմը լարվածության աճ է հրահրում, դա ուղղակի մարտահրավեր է միջնորդ երկրներին: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի հանդուգն պահվածքը, որը, անտեսելով հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր կոչերը, գնում է սահմանին լարվածությունը սրելու ճանապարհով», - հայտարարել է Շարմազանովը, հավելելով, որ միջազգային հանրությունը չպետք է հավասարության նշան դնի կողմերի միջև:
Անդրադառնալով իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիներին` փոխխոսնակը չի բացառել միջնորդ երկրների կողմից Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիվ քաղաքականությունը: «Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում լարվածության ավելորդ օջախ ոչ ոքի պետք չէ: Այն բանից հետո, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Մերձավոր արևելքում` ընդհանուր առմամբ, Ուկրաինայում, միջնորդ երկրները հնարավոր ամեն ինչ կանեն` ապակայունացման ևս մեկ կետի ի հայտ գալը կանխելու նպատակով: Դա չի բխում միջորդ երկրներից որևէ մեկի շահերից, և սա այն դեպքն է, երբ նրանք բոլորը միասնական են իրենց դիրքորոշումներում», - նշել է Շարմազանովը, ընդգծելով, այդուհանդներձ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա գործընթացները կախված կլինեն Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից, դրա ժամանակ Մինսկի միջնորդների դիրքորոշումից և այն առաջարկություններից, որոնց կներկայացվեն բանակցությունների ընթացքում: