
Արմինֆո. Տարածաշրջանում նոր տարանցիկ միջանցք ստեղծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրումներ իրականացնելու ծրագրերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Վրաստանին դնում է աշխարհաքաղաքական ծայրահեղ ծանր փակուղու մեջ: Նման կարծիքի է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
"Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանով, իսկ վաղը կանցնի Հայաստանով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք հասել ենք որպես երկիր՝ 90-ականներին և 2000-ականներին։ Վրաստանը հայտնվել է ծայրահեղ ծանր աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակներս կամ կավարտվի մեր վերացմամբ՝ որպես անկախ պետության, կամ մաֆիոզ Իվանիշվիլիի ճիրաններից ազատ արձակմամբ և երկրի արագ զարգացման ուղի վերադարձով", - գրել է Սաակաշվիլին Facebook-ում։
2026 թվականի հունվարի 21-ին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև տարանցիկ նոր միջանցքները։ Իլհամ Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը հայտարարել են, որ Հայաստանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռները, որոնք ներկայումս փոխադրվում են Վրաստանի տարածքով, ապագայում կմատակարարվեն ուղղակիորեն՝ երկու երկրների միջև: Նախագահ Ալիևը հայտարարել է, որ նոր միջանցքը կդառնա Վրաստանի տարածքով անցնող երթուղու լրացում: Ներկայումս Ռուսաստանից Հայաստան եկող բեռները նույնպես անցնում են Վրաստանի տարածքով։
Հունվարի 22-ին Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել Էր Դավոսում արված հայտարարությունները և հայտարարել, որ Վրաստանի տարանցիկ գործառույթին ոչինչ չի սպառնում: Որպես փաստարկ՝ հօգուտ այն բանի, որ այլընտրանքային միջանցքն, իրականում, սպառնալիք չի ստեղծում, նա նշել էր, որ վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն աճել են յոթ անգամ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։