
Կարթագենը պետք է կործանվի՝ նման եզրահանգման է բերում ՙԺառանգություն՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվությունը, ով դեկտեմբերի 14-ին խորհրդարանի արտահերթ նիստում մի քանի անգամ հանդես է եկել իշխանությունը տապալելու կոչով՝ ոչ մի անգամ չանդրադառնալով քննարկվող հարցերին:
Անկախ այն բանից, թե ինչ հարց է քննարկվում՝ Փոստանջյանը խոսել է կեղծված հանրաքվեի և երկրի ապագայի համար դրա հետևանքների մասին: ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանն անջատել են նրա խոսափողը, սակայն պատգամավորը ելույթ է ունեցել անջատած խոսափողով, ինչի հետևանքով նույնիսկ ընդմիջում է հայտարարվել:
Նա հայտարարել է, որ բարեփոխումների անցկացման օգտին հանդես եկող կուսակցությունները՝ ՀՅԴ-ն և ՙԲարգավաճ Հայաստանը՚, համակերպվել են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ և համատեղ ջանքերով պատրաստվում են 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: ՙԻնչ-որ հարցեր քննարկելու փոխարեն քաղաքական ուժերը պետք է փողոց դուրս գան, կանգնեն քաղաքացու կողքին և
պայքար սկսեն ռեժիմի դեմ: Փետրվարին ես չէի ասում, որ սա չարիքի իշխանություն է: Դա դուք էիք ասում, ի՞նչ փոխվեց՚,- նշել է պատգամավորը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի համար անընդունելի է Փոստանջյանի պահվածքը: ՙԴուք պետք է տարբերեք հակապետական գործողություններն իշխանության դեմ պայքարից՚,- հայտարարել է նա: Նրա խոսքով, վերջին 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ անհնար է իշխանության գալ փողոցային պայքարի միջոցով:
«Կարթագենը պետք է կործանվի՚ արտահայտությունը լատինական թևավոր խոսք է, որն իրենից ներկայացնում է համառ կոչ` պայքարելու թշնամու կամ արգելքների դեմ: Այս թևավոր խոսքը նշանակում է մշտական վերադարձ միևնույն հարցին` անկախ ընդհանուր քննարկման թեմայից: Հռոմեացի զորավար և պետական գործիչ Կատոն Ավագը սենատում ավարտում էր իր խոսքը (անկախ թեմայից) հետևյալ արտահայտությամբ՝ «Բացի այդ, ես մտածում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»:Վերջիվերջո, երրորդ պունիական պատերազմի ժամանակ կեսմիլիոնանոց Կարթագեն քաղաքը ամբողջովին կործանվեց, իսկ ողջ մնացած բնակիչները ստրկության վաճառվեցին: