
Արմինֆո. Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Այդ մասին ասվում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի հայտարարությունում։
«Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական լայն արշավ է ծավալել՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Այս արշավի շրջանակներում չհամաձայնողներին այս կամ այն ծանր հոդվածներով կալանավորում են։ Ավելին, Փաշինյանի պահանջին միացել են 10 եպիսկոպոսներ։ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է համակարգող խորհուրդ ստեղծելու մասին, որը կզբաղվի Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման գործընթացի կազմակերպմամբ։ Նա հրապարակել է այդ հարցի լուծման վերաբերյալ ճանապարհային քարտեզ։ Իսկ արդեն հունվարի 5-ի գիշերը խորհրդի ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել նրա արշավին միացած 10 եպիսկոպոսների հետ։ Ավելին, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանի արշավին միացած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՝ պահանջելով անօրինական ճանաչել իր հեռացումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ «Դատալեքս» իրավական ակտերի համակարգում հրապարակված հաղորդագրության համաձայն, եպիսկոպպոսը խնդրում է դատարանին անվավեր ճանաչել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի 2026 թվականի հունվարի 10-ի տնօրինությունն այդ առնչությամբ:
Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն, Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Ընդ որում, ճանաչվում է ՀԱԵ "բացառիկ առաքելությունը" ազգային ինքնության պահպանման գործում։