


Արմինֆո. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կմասնակցի Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Արևմտյան թեմի հայտարարությունում:
"Սույնով տեղեկացնում ենք, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը փետրվարի 16-19-ը կմասնակցի Ավստրիայի Սուրբ Պոլտեն քաղաքում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: Այնուհետև առաջնորդը կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի նիստերին, որոնք տեղի կունենան այդ քաղաքում՝ փետրվարի 20-21-ը: Խնդրում ենք մեր հավատավոր ժողովրդի զավակներին աղոթքով հիշել այս կարևոր հանդիպումների մասին, որպեսզի Աստծո առաջնորդությամբ օրհնված և արգասաբեր լինեն մեր Հայրենիքի բարօրության ու բարգավաճման և մեր Սուրբ եկեղեցու շենացման ու պայծառության համար", - ասված է հայտարարությունում:
Հիշեցնում ենք, որ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ՀԱԵ "բարենորոգման" նախաձեռնություններին միացած 10 հոգևորականներից մեկն է: Մինչդեռ, կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հերձվածող հոգևորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին: Ստացվում է, որ հենց Հայ Առաքելական Եկեղեցու "բարենորոգիչների" շրջանում պառակտում է սկսվել։



