
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան:
Ավելի վաղ՝ մեկ ամիս առաջ, փոխնախագահի առաջիկա այցի մասին հայտարարել էր հայ քաղաքագետ, ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Facebook-ի իր էջում ԱՄՆ առաջնորդը հաղորդել է, որ Վենսը Հայաստան և Ադրբեջան կայցելի այս տարվա փետրվարին: "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին մեր ստորագրած խաղաղության համաձայնագրի պահպանման համար։ Դա սարսափելի պատերազմ էր՝ 1-ը 8-ից, որոնք ես ավարտեցի, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն: Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ զարգացնելու մեր խաղաղ ջանքերը և առաջ տանելու Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP): Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, խաղաղ միջուկային ոլորտում համագործակցության հրաշալի համաձայնագիր կկնքենք Հայաստանի հետ, գործարքներ կկնքենք կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ եւ Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները եւ շատ այլ բաներ", - նշել Է Թրամփը։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ